Հիմնական ԷջՄեր ՄասինԲարեկամներՏեղեկատու
Բաժիններ
Ֆոնդեր
Էլեկտրոնային Շտեմարան
Էլեկտրոնային Գրադարան
Նորություններ
Միջոցառումեր
Պատմություն





Հայաստանի Ազգային գրադարանը Հայաստանի Հանրապետության գլխավոր գրադարանն է` գիտակրթական, մշակութային, տեղեկատվական խոշոր հաստատություն, որը հավաքում, պահպանում և սպասարկում է տպագիր արտադրանքի տարբեր տեսակներ (գիրք, ամսագիր, թերթ, քարտեզ, պլակատ, ատենախոսություն, նոտա, ձայնապնակ, դրամ, բացիկ և այլն) և էլեկտրոնային կրիչների հայերեն և օտարալեզու հավաքածուներ: Ազգային գրադարանը գրադարանագիտական, մատենագիտական, մեթոդական, միջգրադարանային բաժնույթի, տեղեկատվության և գրքափոխանակության համապետական կենտրոն է:
Մեծահարուստ այս գանձարանում են պահպանվում հայերեն առաջին տպագիր գրքերը (1512-1513թթ. Վենետիկ), առաջին քարտեզը (1695թ. Ամստերդամ), առաջին պարբերականը (1794թ. Մադրաս) և այլ եզակի ու մեծարժեք հրատարակություններ:
Ազգային գրադարանի ֆոնդերը ձևավորվել են պետական, հասարակական, գիտական և մշակութային նշանավոր գործիչների անձնական գրադարանների, կրթական և ուսումնական հաստատությունների հավաքածուների և նվիրատվությունների հիման վրա: 1924թ.-ից գրադարանը ստանում է Հայաստանում լույս ընծայվող տպագիր արտադրանքի պարտադիր անվճար օրինակներ: 1925-1991թթ. գրադարանը ստացել է ԽՍՀՄ-ում լույս տեսնող գրականության պարտադիր օրինակներ:
2007թ. հունվարի 1-ի դրությամբ գրադարանի ֆոնդը կազմում է ավելի քան 6,6 միլիոն հաշվառային միավոր և համարվում է աշխարհի ամենախոշոր հայերեն գրականության պահոցը: Գրադարանի հավաքածուներում կան բացառիկ արժեք ներկայացնող հրատարակություններ, որոնք հայ ժողովրդի հոգևոր հարստությունն են:
Հայաստանի Ազգային գրադարանի պատմության սկիզբը համարվում է 1832 թվականը, երբ հիմնադրվում է Երևանի Արական գիմնազիայի գրադարանը: 1919թ. հուլիսի 4-ին ընդունված Պետական հանրային մատենադարանի մասին օրենքով գրադարանը ստանում է պետական գլխավոր գրադարանի կարգավիճակ:  1982 թվականին, հիմնադրման 150-ամյակի կապակցությամբ, գրադարանը պարգևատրվել է ՙԺողովուրդների բարեկամության՚ շքանշանով:
Իր պատմության ընթացքում գրադարանն ունեցել է մի քանի անվանում` Հանրային գրադարան, Հայաստանի պետական հանրային գրադարան, Հայաստանի հանրապետական գրադարան, ՀԽՍՀ պետական գրադարան: 1990 թվականից այն կոչվում է Հայաստանի Ազգային գրադարան:
1925-1990թթ. գրադարանը կրել է հայ նշանավոր գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանի անունը, ով մեծ ներդրում է ունեցել գրադարանի կայացման գործում: 2007թ.-ին լրանում է նաև գրադարանի գրահրա-տարակչական գործունեության 70 տարին: Այս ընթացքում գրադարանը հրատարակել է ավելի քան 1000 անուն գրադարանագիտական, մատենագիտական, մեթոդական, տեղեկատվական գրքեր և բրոշյուրներ: Գրադարանը տեղավորված է 4 մասնաշենքում, որոնք շահագործման են հանձնվել համապատասխանաբար 1939 (Ալ.Թամանյանի նախագծով), 1972, 1976, 1990 թվականներին (վերջինս լիովին շահագործման հանձնված չէ):
Գրադարանի հարուստ ֆոնդերից օգտվում են Հայաստանի Հանրապետության 17 տարին լրացած քաղաքացիները` անկախ սեռից և ազգային պատկանելությունից, ինչպես նաև արտերկրից ժամանած հյուրերը և զբոսաշրջիկները: Տարեկան սպասարկվում է շուրջ 1,7 միլիոն հաշվառային միավոր` 14 մասնագիտացված ընթերցասրահներում: Օրական գրադարան է հաճախում 900-1000 օգտվող:
Գրադարանում իրականացվում է ՀՀ խոշոր գրադարանների միասնական տեղեկատվական ավտոմատացված ցանցի ստեղծման ծրագիրը: EIFL Direct ծրագրով գրադարանի ընթերցողները կարող են օգտվել ավելի քան 3 հազար գիտական հանդեսներից, ինչպես նաև տեղեկատվական մյուս բազաներից:
   
Copyright @ 2008 Հայաստանի Ազգային Գրադարան