ISSN պարբերականների միջազգային ստանդարտ համարների տրամադրում 


Յուրաքանչյուր ISSN եզակի նույնականացուցիչ է պարբերականի կամ այլ շարունակական հրատարակության համար, որոնք կարող են լինել տարբեր ձևաչափերով: ISSN-ը կիրառվում է պարբերականների կամ այլ շարունակական հրատարակությունների համար` անկախ հրատարակման ժամանակից և թողարկման ձևից: Շարունակական հրատարակությունների թողարկման ժամկետները անսահմանափակ են և ներառում են պարբերականներ և շարունակական միասնական աղբյուրներ: ISSN նշանակվում է բոլոր գոյություն ունեցող պարբերականներին և շարունակական հրատարակություններին: Պարբերականը անսահմանափակ, անորոշ ժամկետով թողարկվող, իրար հաջորդող առանձին մասերից բաղկացած հրատարակություն է: ISSN իրավասու են ստանալ նաև այն մատենագիտական շարքերը, բաժինները, որոնք ունեն համարակալում և պարբերականի այլ հատկորոշիչներ (օրինակ` վերնագրում նշված պարբերականությունը), բայց որոնց թաղարկման ժամկետները սահմանափակ են (օրինակ` որևէ իրադարձության լրատու): Շարունակական հրատարակություններն այն հրատարակություններն են, որոնք ժամանակի ընթացքում թարմացվում են, որի արդյունքում ստացված նորությունները միավորվում են մեկ հրատարակության մեջ: Այն շարունակական հրատարակությունները, որոնք իրավասու են ստանալ ISSN, պետք է շարունակաբար թարմացվեն և ունենան թարմացման մասին նշումներ: Գովազդային և անհատական էջերը, առցանց օրագրերը, անհատական օրագրերը և վեբ կայքերը, որոնք բաղկացած են սոսկ հղումներից, իրավասու չեն ստանալ ISSN: 

ISSN համակարգը Հայաստանում կիրառվում է 2004թ. հունվարից: