ԳՐԱՏՊՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

     Հայ ժողովրդի պատմության քառուղիներում գիրքն ու գրատպությունը դարձել են ազգափրկիչ օղակներ` սերունդներին փոխանցելով պատմական փաստերն ու գիտական ձեռքբերումները: Հայ տպագրության պատմությունն անցել է զարգացման տարբեր փուլերով` հնարավորություն ընձեռելով հաջորդ սերունդներին կատարելագործելու տպագրության արվեստը:
     2012 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևանը հռչակեց Գրքի համաշխարհային մայրաքաղաք, և տոնվեց հայ գրքի տպագրության 500-ամյա հոբելյանը: Հանրությանը գրատպության անցած ճանապարհը ներկայացնելու համար Հայաստանի ազգային գրադարանում, որը համարվում է հայերեն տպագիր արտադրանքի ամենամեծ պահոցը, ստեղծվել է թանգարանը:
     Հայ տպագրության պատմությունն արտացոլված է Գրատպության թանգարանի  վեց
սրահներում`
Գրի ակունքները սրահում  ներկայացված է նախագրային շրջանից մինչև գիրն ընկած ժամանակահատվածում ստեղծված գրավոր մշակույթի նմուշներ՝ ժայռապատկերներ, սեպագիր արձանագրություններ:
Հայոց այբուբենը սրահում  ներկայացված են գրչության տեսակները և եվրոպացի հրատարակիչների գրքերում փայտափորագիր հայոց այբուբենը:
Հայ գրատպության առաջնեկները սրահում    ներկայացված են հայերեն տպագիր առա–ջին գիրքը՝ «Ուրբաթագիրքը» (Վենետիկ, 1512թ.), Աստվածաշունչը (Ամստերդամ, 1666-1668թթ.), առաջին տպագիր քարտեզը՝ «Համատարած աշխարհացոյցը» (Ամստերդամ, 1695թ.), առաջին տպագիր պարբերականը՝ «Ազդարարը» (Մադրաս, 1794-96թթ.):
Հայկական գրատպության սփյուռքը սրահում ներկայացված են այն հիմնական օջախները, որտեղ գործել են հայկական տպարաններ և տպագրվել են  հայերեն գրքեր: Սրահում կարելի է ծանոթանալ տպագրավայրերի համառոտ պատմությանը:
Գրահրատարակչություն սրահում ցուցադրված են տպագրական մեքենաներ, կլիշեներ, տարբեր երկրներում գործած հայկական տպարանների նկարներ:
Հոլոգրաֆիկ ցուցադրության միջոցով ներկայացված են տպագրության հիմնական ձևերը:
Գրի հավերժությունը սրահում ներկայացված է տպագրության սկզբնավորումը ներկայիս Հայաստանի տարածքում։ Ցուցադրված են Հայաստանի և Արցախի մամուլի եզակի նմուշներ:
     Թանգարանը հագեցած է նոր տեխնոլոգիաներով, որը ստեղծում է ոչ ֆորմալ կրթության ինտերակտիվ միջավայր:
     Թանգարանը միտում ունի դառնալու հայ գրքի հետազոտման կենտրոն: